Սլովենիայում երեք մարդ է մահացել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների ու սողանքների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում երեք մարդ է մահացել վատ եղանակի պատճառով», -ասել է ոստիկանության ներկայացուցիչ Մայա Ադլեսիչը։
Նշվում է, որ մահացածների թվում երկու օտարերկրացի զբոսաշրջիկ կա։ Շուրջ 16 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության:
Սլովենիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունից հայտնել են, որ երկրի շրջանների մի մասն ամբողջությամբ զրկվել է տրանսպորտային հաղորդակցությունից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր սլովենական STA գործակալությունը, տեղատարափ անձրևները հեղեղումներ են առաջացրել գրեթե ամբողջ երկրում։ Օդերևութաբանները զգուշացնում են, որ տեղումները կարող են շարունակվել: Հեղեղումների և սողանքների դեմ պայքարում քաղաքացիական պաշտպանության ուժերին և տեղի հրշեջ բրիգադներին օգնելու համար զինված ուժերի շուրջ 250 զինծառայողներ են ներգրավվել։