ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանական ներխուժումից տուժած Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում խմելու ջրի նոր ջրագիծ կանցկացվի միայն 2024 թվականին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից նշել են, որ համաձայն Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրած տեղեկատվության` Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի հարևանությամբ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած սահմանային միջադեպերով պայմանավորված, Ներքին Հանդ բնակավայրի խմելու ջրի ակունքը և ջրագծի մի մասը հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ:
«Ելնելով վերոնշյալից` նոր ջրագծի կառուցման համար սահմանված կարգով արդեն իսկ կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր, և դրա կառուցումը ներառվել է 2024թ-ին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի հայտում»,– նշել են նախարարությունից:
Նշենք, որ այժմ գյուղի բնակիչները «տեխնիկական» ջուր են ստանում գետից։ Գյուղացիները տարաներով խմելու ջուր են վերցնում գյուղում առկա երկու փոքր աղբյուրներից: Ինչ վերաբերում է նոր ջրագծի նախագծին, ապա, ըստ գյուղացիների, նախատեսվում է 1-2 կմ երկարությամբ նոր հորատանցք փորել և ֆիլտրեր տեղադրել:
Հարցին, թե սահմանամերձ բնակավայրի գյուղացիներին ինչ օժանդակություն է հատկացվում, հատկապես որ նրանք զրկվել են ավանդական գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից, նախարարությունից հայտնել են, որ 22022 թ. Ներքին Հանդ բնակավայրի մեղվաբուծությամբ զբաղվող 23 ընտանիքների տրվել է ընդհանուր թվով 209 մեղվաընտանիք և մեղվապահի պարագաներով փաթեթ, ճագարաբուծությամբ զբաղվող 1 ընտանիքի տրվել է 20 ճագարով մինիֆերմա և 0.5 տոննա կեր, թռչնաբուծությամբ զբաղվող 20 ընտանիքից յուրաքանչյուրին հատկացվել է 0.5 տոննա թռչնի կեր (ցորեն): Թչնաբուծությունը խթանելու համար 18 ընտանիքից յուրաքանչյուրին հատկացվել է 28 հավ և 6 հնդկահավ:
Նշենք, որ ինչպես ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էին ՊՆ-ից, ադրբեջանական ԶՈւ-ն գյուղի շրջանում առաջին անգամ առաջ է եկել 2021 թվականի մարտին։ 2022թ. սեպտեմբերյան հարձակման ժամանակ վերահսկողության տակ են վերցրել գյուղի խմելու ջրի աղբյուրը և գերեզմանոցը: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն այդ շրջանում վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի շուրջ 20 քառ. կմ տարածք։
Երեք կողմից Ադրբեջանի զինված ուժերով շրջափակված Ներքին Հանդը մնացել է գրեթե առանց գյուղատնտեսական նշանակության հողերի, ինչի հետ կապված գյուղացիների մեծ մասը վաճառել է անասունները ՝ մնալով առանց եկամտի հիմնական աղբյուրի ։
Գյուղում առկա իրավիճակի մասին ավելի մանրամասն ներկայացրել ենք մեր նախորդ նյութում։