ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի մոտից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանը հարցաքննվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրության` Խաչատրյանին հետազոտել են բժիշկները։ Տրամադրվել է փաստաբան և թարգմանիչ։ Նրան մեղադրանք է առաջադրվել, և նախնական հարցաքննություն է կատարվել։ Այժմ քննչական գործողություններ են կատարվում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։