Պետք լինի՝ 100 անգամ էլ կտանենք. Երևանում կրկին պայքարում են փողոցային առևտրի դեմ

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են գետնին թափված մրգերը, հատապտուղները և շրջված արկղերը։
Sputnik
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոցում քաղաքապետարանի աշխատակիցները կրկին սկսել են կոշտ մեթոդներով պայքարել փողոցային առևտրի դեմ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Տեսանյութում երևում են գետնին թափված մրգերը, հատապտուղները և շրջված արկղերը։ Առևտրական կանանցից մեկը, որի ապրանքը վերցրել էին, փորձում էր արկղերը հետ վերցնել, սակայն նրան թույլ չտվեցին։ Նա ասում էր, որ 20 անգամ արդեն տարել են իր ապրանքը, ինչին ի պատասխան քաղաքապետարանից սպառնացին, որ պետք լինի՝ 1000 անգամ էլ կտանեն։
Մեկ այլ կին նույնպես փորձում էր հետ վերցնել իր մրգերը, սակայն նրան քաշքշեցին աշխատակիցները և հեռացրին ավտոմեքենայի մոտից։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովը 2023 թ. մարտի 22-ից սահմանափակել է փողոցային առևտուրը Երևանում։ Փոփոխությունների համաձայն՝ դրա համար նախատեսված վայրերից (այսինքն՝ գյուղատնտեսական շուկաներից) դուրս փողոցային առևտրի դեպքում ապրանքը ենթակա է առգրավման։