Կարճաղբյուրի դպրոցի հաշվապահը տնօրենի փաստաթղթով շուրջ 29 մլն դրամ է հափշտակել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտե
Դպրոցին պատճառված վնասից 1 մլն դրամը վերականգնվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Կարճաղբյուր բնակավայրի դպրոցի հաշվապահը տնօրենի նույնականացման քարտով շուրջ 29 մլն դրամ է հափշտակել` աշխատավարձերի բաշխման փաստաթղթերում ներառելով դպրոցի աշխատակից չհանդիսացող երկու անձանց` Երևանի բնակիչների տվյալներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` Կարճաղբյուրի «Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի» տնօրենը 2016-2019 թթ. պարտավոր էր ստուգել հաշվապահի գործողությունները, սակայն դիտավորությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները։
Տնօրենը պատճառաբանել է, որ աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգից օգտվելու կանոնները չգիտի, դրա համար իր նույնականացման քարտը վստահել է հաշվապահին՝ տրամադրելով նաև գանձապետական համակարգ մուտք գործելու իր մուտքանուն-գաղտնաբառը։
Դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում): Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը: Նրա մասով նախաքննությունն ավարտվել է:
Դպրոցին պատճառված վնասից 1 մլն դրամը վերականգնվել է:
Դպրոցի հաշվապահի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: Հաշվապահի գույքի նկատմամբ կիրառվել է կալանք։
Գավառի դպրոցներից մեկի փոխտնօրենը խարդախությամբ 800.000 ԱՄՆ դոլար է յուրացրել. մանրամասներ