Հրազդանցի երիտասարդի քրոջն անհանգստացնելու պատճառով դանակահարություն է եղել

Դանակ
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է և առգրավվել, իսկ դանակահարողը 4 օր անց ինքնակամ ներկայացել քննչական վարչություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հրազդանում 16-19 տարեկան երիտասարդների միջև վիճաբանություն է եղել, պատճառը` երիտասարդներից մեկի քրոջն անհանգստացնելն էր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, որի մասին ահազանգը «Հրազդան» ԲԿ–ից ստացվել է ժամը 23։38-ի սահմաններում։ Նրանց մոտ կրծքավանդակի վերքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա մի երիտասարդ, որը սկզբում հայտնել է, որ բարձրությունից ընկել է։
«Երիտասարդին Հրազդանից տեղափոխել են Երևան` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Ոստիկանները պարզել են, որ վնասվածքը հասցվել է սուր կտրող–ծակող առարկայով, ոչ բարձրությունից ընկնելու հետևանքով։ Կատարված օպերատիվ–հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Միկրոշրջանի մի շենքի մոտակայքում վիճաբանություն է եղել 16-19 տարեկան երիտասարդների միջև. չորսը` երկուսի դեմ: Վեճի պատճառը երիտասարդներից մեկի քրոջն անհանգստացնելն էր: Վեճը վերաճել էր ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 19-ամյա երիտասարդը դանակահարվել էր»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 2-ին դանակահարողն ինքնակամ ներկայացել է քննչական վարչություն և տվել ցուցմունք:
Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: