Անահիտ Մանասյանը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհ դարձած եզդիների հիշատակին

Պաշտպանը շեշտել է, որ նման հանցագործություններն ազգություն չեն ճանաչում և ուղղված են համայն մարդկության դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարգանքի տուրք է մատուցել 2014թ. Իրաքի Սինջար քաղաքում ցեղասպանության զոհ դարձած եզդիների հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Մանասյանն Արմավիրի մարզի Ակնալճի եզդիների հոգևոր կենտրոն է այցելել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ։
Նրանք ծաղիկներ են խոնարհել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
«2014 թվականի ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, ազգություն չի ճանաչում և հանցագործություն է ընդդեմ համայն մարդկության: Նման երևույթներն այլևս չպետք է երբեք կրկնվեն, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ վերջիններս քաղաքակիրթ աշխարհի կողմից ճանաչվեն և դատապարտվեն»,- ասել է պաշտպանը:
Պաշտպանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է:
Նշենք, որ 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետության» կողմից Հյուսիսային Իրաքի Սինջար քաղաքի գրավումից հետո իրականացվել են այնտեղ ապրող եզդիների զանգվածային սպանություններ։ 2016 թվականի հունիսի 17-ին Միավորված ազգերի կազմակերպությունը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը։ Դրանից 2 տարի անց Հայաստանն է ճանաչել եզդիների ցեղասպանությունը։
Ընդհանուր ճակատագիր. Ալավերդիում Հույների ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար են բացել