ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է «Արթիկը»: Դիտարժան ու լարված պայքարում թիմը եզրափակիչում կարողացել է 95:86 հաշվով առավելության հասնել «Ուրարտուի» նկատմամբ և նվաճել չեմպիոնությունը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ է ճանաչվել «Արթիկ» թիմի խաղացող Խավիեր Ուոմաքը: Նա վաստակել է 24 միավոր, 6 անգամ կատարել արդյունավետ փոխանցում և 22 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:
Երրորդ տեղի համար խաղում էլ ուժեղ են գտնվել ԲԿՄԱ-ի բասկետբոլիստները, որոնք «Դվինի» դեմ ողջ հանդիպման ընթացում զիջելիս են եղել մրցակցին, սակայն վերջնամասում կամային որակների շնորհիվ ընդամենը 3 միավորի տարբերությամբ առավելության են հասել մրցակցի նկատմամբ՝ 94:91:
Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստի կոչմանն արժանացել է ԲԿՄԱ թիմի խաղացող Յուրա Մելիքյանը: Նա վաստակել է 19 միավոր, 5 անգամ կատարել արդյունավետ փոխանցում, 21 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:
Մրցաշարի ամենաարժեքավոր բասկետբոլիստը Դավիթ Խաչատրյանն է («Արթիկ»), մարզիչը՝ Գոռ Մովսիսյանը («Արթիկ»), լավագույն երիտասարդ բասկետբոլիստը՝ Հայկ Կարախանյանը («Արթիկ»), լավագույն հայ բասկետբոլիստը և լավագույն խաղարկողը՝ Դանիիլ Գևորգյանը («Ուրարտու»):
Ա-լիգայի ավարտված առաջնության լավագույն մարզիչ Գոռ Մովսիսյանը, որն «Արթիկի» հետ նվաճել է չեմպիոնական տիտղոսը, նշում է՝ թիմային անտրտունջ աշխատանքի ու երկրպագուների աջակցության շնորհիվ են իրենք կարողացել լավ մրցաշրջան անցկացնել:
Նշենք՝ ավելի վաղ Գոռ Մովսիսյանի թիմը նվաճել էր նաև Հայաստանի սուպերգավաթը: