Ուկրաինական անօդաչուները կրկին «Մոսկվա սիթի» են հասել. ՌԴ ՊՆ

«Մոսկվա սիթին» . Արխիվային լուսանկար
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ անօդաչուն հասել է Սիթիի այն նույն աշտարակին, որին հասել էր նախորդ անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական երեք անօդաչու այս գիշերը հարձակվել են Մոսկվայի վրա, երկուսին խոցել է հակաօդային պաշտպանության համակարգը, տեղում օպերատիվ ծառայություններն են աշխատում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Օգոստոսի 1-ի գիշերը կանխվել է Մոսկվայի և Մոսկվայի մարզի օբյեկտներին ուղղված կիևյան ռեժիմի ահաբեկչության փորձն անօդաչուներով։ Ուկրաինական երկու ԱԹՍ է ոչնչացվել Մոսկվայի մարզի Օդինցովսկի և Նարոֆոմինսկի շրջանների տարածքում ՀՕՊ միջոցներով», – հայտնել են ՊՆ-ից։
Գերատեսչությունը նշել է, որ երրորդ անօդաչուն ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և, կորցնելով կառավարումը, ընկել «Մոսկվա սիթիի» ոչ բնակելի շենքերի տարածքում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ այդ անօդաչուն հասել է Սիթիի այն նույն աշտարակին, որին հասել էր նախորդ անգամ։
«21-րդ հարկում վնասվել է շենքի ճակատը։ 150 քմ–ի չափով ապակիներ են կոտրվել։ Տուժածների մասին տեղեկություն չկա։ Արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում», – տելեգրամյան ալիքում գրել է Սոբյանինը։
Տեստովսկայա փողոցի (որտեղ գիշերն ընկել էր ուկրաինական անօդաչուն) երթևեկությունը դադարեցված չէ։ Կիրակի նմանատիպ միջադեպից հետո երթևեկությունը մի քանի ժամով սահմանափակվել էր։
Կիրակի Սոբյանինը հայտնել էր, որ գիշերը հարձակում է իրականացվել ուկրաինական անօդաչուներով, աննշան վնասվել են «Մոսկվա սիթիի» երկու գրասենյակային աշտարակների ճակատային հատվածները, տուժածներ և զոհեր չկան։
ՌԴ ՊՆ–ն էլ հայտնել էր, որ կիևյան ռեժիմը մոսկովյան օբյեկտների վրա ահաբեկչություն է փորձել իրականացրել երեք անօդաչուներով, մեկը խոցել է ՀՕՊ–ը, երկուսը ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և, կորցնելով կառավարումը, ընկել «Մոսկվա–սիթիի» տարածքում։