ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պնդում է, որ ՍՈւ–30 կործանիչների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում է, և այն ընդհանրապես բարձրացրեց զինված ուժերի մակարդակը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի նիստում` ընդգծելով, որ դրանք բազմաֆունկցիոնալ միջոցներ են, ունեն և՛ գրոհային, և՛ կործանիչ գործառույթ։
«Իսկ սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) այդ ի՞նչ միջոցներ պետք է ձեռք բերվեին, որ ՍՈւ–30-ների ձեռքբերումը հիմնավորված չէր։ Մենք հակառակորդի հետ համադրության մեջ կործանիչների բաղադրիչի առումով զրոյական վիճակ ունեինք։ Մեծ հեռավորությունների վրա այն հնարավորությունները, որ ունեն ՍՈւ–30-ները` հեռավորության վրա, ճշգրիտ հրթիռներով խոցելու հակառակորդին, նրա միջոցներն ու ենթակառուցվածքները, մենք այդպիսի կարողություններ ընդհանրապես զինված ուժերում չենք ունեցել»,– հայտարարեց Տոնոյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՍՈւ–30-ներն այդպես էլ մարտական թռիչքներ չիրականացրին` Տոնոյանը նշեց` եթե չի սխալվում, նոյեմբերի սկզբին իրեն զեկուցել են, որ ՍՈւ–30-ներն անցել են մարտական հերթապահության, քանի որ որոշակի հրթիռների մատակարարում իրականացվել է։
«Գրոհային գործառույթների առումով մենք սպառազինվածության հետ կապված գոնե սկզբնական փուլի մեկ–երկու օրվա մարտական գործողությունների վարման առումով հագեցվածություն ունեինք նաև այն հրթիռների, որոնք որ այսօր ժողովրդի մեջ կոչվում են անպիտան, ժանգոտած կամ չգիտեմ ինչ։ Այդ հրթիռներն օգտագործվել են նաև ՍՈւ-30–ների համար ուսումնական թռիչքների ժամանակ և խոցել են թիրախները»,– ասաց Տոնոյանը։
Նա նշեց, որ այն, ինչ Ադրբեջանն այսօր անում է հիմա Թուրքիայի հետ` մոդեռնիզացնում է ՍՈւ 25–ները, 2020 թվականի օգոստոսի 24–ին իր տեղակալը Մոսկվայում ՍՈւ–երի արդիականացման պայմանագիր է կնքել ՌԴ–ի հետ, ինքն էլ անձամբ ներկա է եղել ստորագրմանը։
«Այդ մոդեռնիզացումը պետք է իրականացվեր 3 տարվա ընթացքում։ Ինձ շատ հետաքրքիր է` արդյոք գործընթացն ինչ փուլում է։ Մենք 3 տարվա ընթացքում պետք է ունենայինք որոշակի առաջխաղացում, հնարավոր է` ռազմական գործողությունները և նաև Ռուսաստանի կողմից վարվող հատուկ գործողությունը որոշակի խոչընդոտներ են առաջացրել»,–ասաց նա։
Անդրադառնալով պատգամավոր Հայկ Սարգսյանի դիտարկմանը, թե իրենք տեղեկություն ունեն, որ պատերազմի ընթացքում ընդամենը մեկ թռիչք է իրականացվել ՍՈւ–ով, այն էլ` հետախուզական, Տոնոյանը պատասխանեց` ՍՈւ–30–ները ձեռք են բերվել նաև ՀՀ սահմանները և հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար։
«Որպեսզի ձեռքբերումից հետո ՍՈւ 30–ները դառնային մարտունակ և հնարավորություն լիներ բացի զսպման գործառույթից, նաև գրոհային կարողությունները դրսևորել, ժամանակ էր պետք»,–ասաց Տոնոյանը։
Նա ափսոսանք հայտնեց, որ ՍՈւ–30–ները ավելի շուտ ձեռք չեն բերվել և հավելեց` ՍՈւ–եր ձեռք բերելու համար ոչ մի լումա չի ծախսվել ՀՀ պետբյուջեից, դրանք իրականացվել են օրենքով չարգելված այլ աղբյուրներով։ Թե ինչ աղբյուրների մասին է խոսքը, Տոնոյանը խոստացավ հստակեցնել փակ ձևաչափով նիստի ժամանակ։
Տոնոյանին հարց ուղղվեց, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչու են փոփոխվել հաստատված ՍՌՏ–ի առաջնահերթությունները, ինչու ձեռք չեն բերվել տեղական և արտասահմանյան արտադրության ԱԹՍ–ներ, ինչպես նաև «Կրասնուխա» և այլ ժամանակակից միջոցներ։
Նախկին նախարարի խոսքով` սպառազինության որևէ միջոց մեկ ուրիշի փոխարեն չի ներկրվել, մեկը մյուսով չի փոխարինվել, դրանք բերվել են որպես լրացում։ Օրինակ` ՀՕՊ միջոցները, որոնք մատակարարվել են ՀՀ, պայմանագրային քանակից ավել են եղել։
«Եվ դա իմ տեղակալի հմտությունների, իր ֆինանսական, բյուջետային գիտելիքների և բանակցային հմտությունների շնորհիվ է։ 20 տոկոսով ավել է եղել։ Խոսքը Մակար Ղամբարյանի մասին է»,– նշեց Տոնոյանը։
Նա շեշտեց` «Տոր» զենիթահրթիռային համալիրների քանակը ձեռք է բերվել տվյալ ժամանակահատվածում պլանավորվածից ավելի շատ։
Երկար տարիներ փորձեր են արվել տեղում ԱԹՍ–ներ արտադրելու և ձեռք բերելու, բայց այդ փորձերը մեծ հաջողություններ չեն ունեցել։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Իսրայելից առաջարկ եղել է Հայաստանում ԱԹՍ–ների արտադրության գործարան հիմնելու մասին կամ առհասարակ վաճառքի վերաբերյալ, Տոնոյանը նշեց` պաշտոնական մակարդակում նման բան չի եղել։
«Ինչ վերաբերում է մասնավոր պայմանավորվածություններին, այդպիսի ջանքեր գործադրվել են, բայց խնդրում եմ նկատի ունենալ, որ այդ երկիրը մեծ պայմանագրեր ուներ հակառակորդ երկրի հետ, և որոշակի սահմանափակումներ ուներ հենց այդ երկիրը»,– ասաց Տոնոյանը։
Նա հավելեց, որ այլ երկրի հետ արդեն պայմանավորվածություն կար մեր երկրում ԱԹՍ–ների գործարան հիմնելու մասին, սակայն չհասցրին իրականացնել։