Սիմֆոնիկ նվագախումբը հույս ունի, որ Սմբատյանը շուտով ազատության մեջ կլինի

Սերգեյ Սմբատյանը. Արխիվային լուսանկար
Գործընթացի անաչառության և պատշաճության պահպանման դեպքում Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու իր մշակութային գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Մաեստրո Սերգեյ Սմբատյանի միջազգային մշակութային ներգրավվածության անխաթարությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի պահպանման խնդիրն է: Այս մասին հայտարարություն է տարածել նվագախմբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի անվան շուրջ ծավալվող տեղեկությունները տարակուսանք են առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի շրջանում: Նվագախումբը շարունակում է մեծաթիվ արձագանքներ ստանալ հայաստանյան և արտասահմանյան գործընկերներից, արվեստի աշխարհի հեղինակավոր գործիչներից։
«Համոզված ենք, որ գործընթացի անաչառության և պատշաճության պահպանման դեպքում Մաեստրո Սմբատյանին կընձեռվի հնարավորություն՝ վերականգնելու իր և Հայաստանի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող մշակութային գործունեությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նվագախումբը հույս է հայտնում, որ բարձրացված աղմուկին շուտափույթ կփոխարինեն հավասարակշռված տեղեկատվությունն ու վերլուծությունը։ Հավատում են, որ կկայացվեն ողջամիտ որոշումներ, և մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ` նվագախմբի կողքին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը` Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Արմեն Սմբատյանը ձերբակալվել են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու կասկածանքով։ Գործով անցնում է նաև գործարար Ա.Պ.–ն։
Գործարարը Սերգեյ և Արմեն Սմբատյանների հետ 2012 թ. ՀՀ կառավարությանը ներկայացրել է 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր:
Հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։