ՀՀ–ում գործակալական ցանցի մասին իմ խոսքերը կարող են շահարկվել. Տոնոյանը գնահատական չտվեց

Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց, որ սրտատրոփ սպասում է 5-րդ շարասյան հետ կապված փաստերի ներկայացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում գործող թուրք–ադրբեջանական գործակալական ցանցի մասին գնահատականները կարող են շահարկվել։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Նրան հարցրին, թե ինչպես կգնահատի հակահետախուզական ուժերի գործունեությունը ՀՀ զինուժում նախքան պատերազմը և ընթացքում, եթե հաշվի առնենք, որ պատերազմից հետո բացահայտվել են տասնյակ մանր դավաճանության դեպքեր, սակայն առ այսօր բացահայտված չեն ՀՀ–ում գործող թուրք–ադրբեջանական գործակալական ցանցը և ռեզիդենտուրան, այդ թվում` ՀՀ ԶՈւ–ում։
«Չեմ կարող գնահատել»,– մեկնաբանությունից հրաժարվեց Դավիթ Տոնոյանը։
Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԱԱԾ–ի հետ իր համագործակցությունը, մասնավորապես ռազմական հակահետախուզության հետ, եղել է շատ բարձր մակարդակում։
«Բացի այդ, գիտեք, որ գործել է հակառակորդ երկրի հետ կապի համադրման, ինչպես նաև վտանգների, ռիսկերի չեզոքացման կոմունիկացիոն ձևաչափ։ Դա էլ էր կատարվում ԱԱԾ–ի, ընդ որում` պետերի միջոցով։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս հնչեցված 5-րդ շարասյան գոյությանը, ապա Տոնոյանը հիշեցրեց ժամանակին հրապարակային իր դժգոհությունը այդ մասին։
«Ես սրտատրոփ սպասում եմ 5–րդ շարասյան հետ կապված փաստերի ներկայացմանը, քանի որ եթե նման բան է եղել, ես կուզենայի իմանալ։ Քանի որ 5-րդ շարասյան մասին հրապարակային է ասվել, կուզենայի` որ փաստերն էլ հրապարակային հնչեին»,– ընդգծեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։
Իսկ ինչ վերաբերում է պատերազմի օրերին ուղղորդված դասալքությանը, ապա Տոնոյանը որպես դրա հիմնական պատճառ մատնանշեց կազմակերպչական խնդիրները, որոնք զորահավաքային կոնցեպտի արդյունք են եղել, և վախը։
Հիշեցնենք` Փաշինյանը մարտի 14-ի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ–ն պատերազմում պարտվել է միայն այն պատճառով, որ բանակում «5-րդ շարասյուն» է գործել։
Օրեր անց` մարտի 23–ին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավայրից արձագանքեց Փաշինյանին` նշելով, որ «5–րդ շարասյան» վերաբերյալ նետված թեզը ՀՀ զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է: