ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալը չի ենթադրում, որ այն կարող է ազդել նաև ՀՀ ներկրվող ցորենի գնի թանկացման վրա։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի որոշումը, անկասկած, կազդի համաշխարհային գների վրա, բայց Հայաստանի համար հացահատիկի արժեքն անմիջականորեն կապված չէ միջազգային գների հետ, քանի որ ցորենը գրեթե ամբողջությամբ ներկրվում է ՌԴ–ից։
«Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ գնաճային ռիսկերը, որոնք համեմատելի են միջազգայինի հետ, ՀՀ–ում չեն եղել, ուստի այս անգամ էլ չենք ակնկալվում»,– նշեց Նուրբեկյանը:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ 2022 թ. 2021 թվականի համեմատ հացահատիկի համաշխարհային գների ինդեքսն աճել է մոտ 18%-ով, մինչդեռ ՀՀ–ում ալյուրի և ձավարեղենի գները 2022 թ. աճել են ընդամենը 8%–ով։
Իր հերթին ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը նշեց, որ հնարավոր սցենարներից մեկը կարող է լինել գների անկումը, քանի որ ռուսական շուկայում հնարավոր է հացահատիկի ավելցուկ առաջանալ` արտահանման հետ կապված խնդիրների պատճառով:
«Գործընկեր երկրների համար, սակայն, գինը կարող է նվազել։ Բայց դա միակ սցենարը չէ, այլ հնարավոր սցենարներից մեկը»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել է հուլիսի 18-ից։ ՌԴ-ն ծանուցել Է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին` այն երկարաձգելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին:
Պուտինը բազմիցս նշել է, որ ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանվել է Արևմուտքի երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակն էր` մատակարարել հացահատիկը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան, որն այդպես էլ չիրականացավ։