ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը ԵՊՀ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈւՆԵՍԿՕ-ի ամբիոնի հետ համատեղ դիմել է Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին։ Տեղեկությունը հայտնում է թանգարան–ինստիտուտի մամուլի ծառայությունը։
«Զեկույցի հեղինակները հատուկ խորհրդականին խնդրել են դիտարկել իր մանդատի ներքո առկա վաղ նախազգուշացման մեխանիզմի գործարկման հնարավորությունը՝ Արցախի Հանրապետության ճգնաժամային իրավիճակը ներկայացնելով ՄԱԿ գլխավոր քարտուղարի և նրա միջոցով` Անվտանգության խորհրդի ուշադրությանը»,– ասված է հաղորդագրությունում։
Համաձայն զեկույցի` քանի որ Բաքուն շրջափակել է Արցախի Հանրապետության Բերձորի (Լաչինի) միջանցքը, դրա հետևանքով էլ զանգվածային կերպով խախտվում է արցախցիների միջազգային մարդասիրական իրավունքը։
Զեկույցում նաև հիմնավորվում է, որ Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակումը առաջին իսկ օրվանից միջազգային հանցագործություն է՝ ուղղված, մասնավորապես, մարդկության դեմ, որը 2023 թ. հունիսի 15-ից հետո վերաճել է ցեղասպանության։
«Ցեղասպանության հանցագործությունը, ի թիվս այլնի, իրականացվում է կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծմամբ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի լրիվ ֆիզիկական ոչնչացմանը»,– ասված է հայտարարությունում։
Զեկույցում ներկայացված են փաստեր առ այն, որ Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունը Արցախի էթնիկ հայերի` որպես այդպիսին, ոչնչացումն է, որը բազմիցս ուղղակիորեն արտահայտվել է ադրբեջանական ամենաբարձր քաղաքական մակարդակում։
Ցեղասպանության հանցագործությունն Արցախում իրականացվում է hայերի նկատմամբ էթնիկ խտրականության՝ արմենոֆոբիայի պետական ցեղասպան քաղաքականության համատեքստում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։