Ավտոներկրող 3 ընկերության սեփականատերը պետությունից հափշտակել է 406 մլն 596 հազար դրամ

Արխիվային լուսանկար
ՊԵԿ է ներկայացվել դեբետագրված ԱԱՀ-ի վերադարձման 12 դիմում, որոնց հիմքով 2021-2022 թթ. ընկերությունների բանկային հաշվին խարդախությամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի` 406 մլն 596 հազար դրամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների սեփականատերը պետությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ պարզվել է, որ Տ.Հ.-ն, հանդիսանալով այդ ընկերությունների սեփականատերը, համաձայնության է եկել ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող բազմաթիվ անձանց հետ և իր ընկերության անվան տակ նրանց ֆինանսական միջոցներով ավտոմեքենաներ ներկրել և արտահանել ԵԱՏՄ։
Գործարքի պայմանը եղել է այն, որ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի 50 տոկոս գումարը մնալու է իրեն, մյուս 50 տոկոսը տրվելու է այդ անձանց:
Այդ անձանց տրված լիազորագրերի հիման վրա 2020-2023 թթ. տարբեր երկրներից ներկրվել է շուրջ 8 447 տրանսպորտային միջոց, որոնց մի մասն արտահանվել է ԵԱՏՄ անդամ երկրներ, որոնց առուվաճառքի պայմանագրերում խեղաթյուրվել են գործարքի իրական շահառուի, վաճառքի իրական գների տվյալները։
Արդյունքում ՀՀ ՊԵԿ ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում արհեստականորեն առաջացել է 5 մլրդ 700 մլն դրամի հարկային վնաս և վերադարձման ենթակա 3 մլրդ 868 մլն դրամի չափով ԱԱՀ-ի դեբետային (կրեդիտագրված) գումարներ։
ՊԵԿ է ներկայացվել դեբետագրված ԱԱՀ-ի վերադարձման 12 դիմում, որոնց հիմքով 2021-2022 թթ. ընկերությունների բանկային հաշվին խարդախությամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի` 406 մլն 596 հազար դրամ:
Աբովյանցի 32-ամյա կնոջ ոդիսականը. նա անգամ քննիչին է կեղծ էպիկրիզ ներկայացրել
«Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերություններում հարկային ստուգումներ են անցկացվել, որոնց արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերականգնվել հանցավոր գործունեության արդյունքում արհեստականորեն դեբետագրված ԱԱՀ-ի 3 մլրդ 491 մլն դրամ:
Տ.Հ.-ի կողմից խարդախությամբ հափշտակված 406 մլն 596 հազար դրամից վերականգնվել է նաև 30 մլն դրամը և այժմն քայլեր են ձեռնարկվում՝ վնասի մնացյալ մասը վերականգնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: