ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելուհետ կապված սահմանափակումները կարելի է շահարկում անվանել։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այս հայտարարությունն արեց ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում։
«Մենք ՀԱՊԿ անդամ ենք, և ձեռքբերումներ էինք կատարում ՆԱՏՕ–ի, Եվրամիության անդամ երկրներից։ Ինչպես նշեցի, սեպտեմբերի 26-ին գտնվել եմ ՆԱՏՕ–ի անդամ, ԵՄ անդամ երկրում, որտեղ վարել եմ համապատասխան բանակցություններ»,– ասաց նա։
Տոնոյանը հավելեց` մինչ այդ էլ մատակարարումներ են եղել այդ երկրներից և սպառազինություն ձեռք բերելու որևիցե սահմանափակում չի եղել, դա միֆ է։
«ՀԱՊԿ անդամակցությունը չի խոչընդոտում, այլ հարց է, որ կա օպերատիվ համադրելիություն։ Այն սպառազինությունները, որոնք համադրելի էին, ձեռք էինք բերում, որոնք համադրելի չէին, դրան հատուկ պատրաստություն էր պետք, բայց դա էլ էր հաղթահարվում կամաց–կամաց»,– նշեց պաշտպանության նախկին նախարարը։
Հիշեցնենք` մայիսի 22-ին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն սպառազինության ոլորտում հնարավորություններ ունեցել է այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու։ Բայց այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել է` ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ։