Շատ ուրախալի է, որ վերջապես ազատվելու ենք հուսահատության գազելներից. Ավինյան

Օգոստոսի 1-ից Երևանում կգործարկվի ավտոբուսային երթուղիների հերթական խմբաքանակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Օգոստոսի 15-ից Երևանում այլևս «Գազել» մակնիշի միկրոավտոբուս երթուղի դուրս չի գա։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
«Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում միկրոավտոբուսների հնամաշ շարժակազմի աշխատանքները մտնում են ավարտական փուլ»,– ասաց նա։
Մարդիկ սկսելու են մեքենաներից հրաժարվել․ Երևանում 15 նոր տրոլեյբուսները երթուղի դուրս եկան
Նա տեղեկացրեց, որ նշված ժամկետից սկսված` Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկումը ամբողջությամբ կիրականացվի փոքր և միջին դասի հարմարավետ ավտոբուսներով։
«Շատ ուրախալի է, որ օգոստոսի 15-ից վերջապես ազատվելու ենք այսպես կոչված հուսահատության գազելներից»,– արձագանքեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հավաստիացրեց, որ սա դեռ բարեփոխումների ճանապարհի սկիզբն է, հաջորդ քայլը լինելու է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումն ու ավտոբուսների առանձնացված գծերը։
Ի դեպ, օգոստոսի 1-ից Երևանում կգործարկվի ավտոբուսային երթուղիների հերթական խմբաքանակը:
Կոկիկ վարորդներ, հարմարավետ ավտոբուսներ. Երևանում տեղի ունեցավ ավտոբուսային պարկի բացումը