Փամփուշտ, ինքնաձիգ, նռնակ. ոստիկանները զինամթերք են հայտնաբերել 43-ամյա քաղաքացու տանը

Տղամարդու տանը հայտնաբերվել են նաև ավտոմեքենաների ավելի քան 20 պետհամարանիշ։
Sputnik
Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 43-ամյա բնակչի տանը ոստիկանությունն ապօրինի զենք և զինամթերք է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանները խուզարկել են գյուղի բնակչի տունը և հայտնաբերել 109 փամփուշտ, 4 հեռադիտակ, զենքի մաքրման համար նախատեսված պարագաներ, ՍԿՍ տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ, ինքնաձիգի շամփուր և պահեստատուփեր, 1 պարկուճ։ Տանը եղել է նաև նռնակ, պայթուցիկ նյութեր, ավտոմեքենաների ավելի քան 20 պետհամարանիշ և այլն»,– ասված է հաղորդագրությունում։
Խուզարկվել է նաև տղամարդու մեքենան, որտեղ հայտնաբերվել է երկաթե մահակ։
Նա ձերբակալվել է և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։Խնդիրը միայն արտոնագիրը չէ.
«Զենքի մասին» օրենքը տեխնիկապես թերի է