ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հնդկաստանը Հայաստանին է փոխանցել թալասեմիա հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցի նոր խմբաքանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական արդյունքը. թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակը Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին պաշտոնապես հանձնել է Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այս անգամ տրամադրվել է 400 տուփ` 20 000 դեղահաբ։ Այն տրվելու է թալասեմիայի դեմ բուժում ստացող 130 պացիենտի: Նրանք այս դեղն օգտագործում են ամեն օր` ամբողջ կյանքի ընթացքում:
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը բարձր է գնահատել երկու երկրների գործակցությունը, հատկապես առողջապահական ոլորտում։ Նա շեշտել է բարեգործական այս ծրագրի կարևորությունը, որի արդյունքում թանկարժեք դեղահաբը հայ երեխաներին է հատկացվում անվճար:
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում
Նշենք, որ նախարարի տեղակալի ուղեկցությամբ դեսպանը շրջել է արյունաբանական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկել են առողջապահական ոլորտում հայ-հնդկական համագործակցության նոր ուղիներ:
Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն