ԵՐԵՎԱՆ, 31 հուլիս - Sputnik. Երևանում աղբահանության խնդիրն ամբողջությամբ լուծված է։ Այս մասին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը:
Ավելի վաղ Երևանի բնակիչները սոցցանցերում լուսանկարներ էին տարածել, որոնցում երևում էր, որ քաղաքում աղբահանության հետ կապված խնդիրներ կան։
Աղբահանության խնդիրը Երևանի Նոր Նորքի թաղամասում նախորդ շաբաթներին
© Sputnik / NaIra Melkumyan
Հարցին անդրադարձել էին նաև Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մի քանի շաբաթ առաջ զեկուցել էր, որ որոշ վարչական շրջաններում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, կան աղբամանների գերբեռնվածություն և կուտակումներ։
«495 սանմաքրման աշխատակից, շաբաթական 6-օրյա ռեժիմով, ապահովել են մայրաքաղաքի բակերի ու փողոցների մաքրությունը։ 2 հերթափոխով աղբահանություն է կատարել 73 աղբատար մեքենա։ 7-օրյա գրաֆիկով աշխատել են նաև 3 փոշեկուլ մեքենա ու 21 ջրցան մեքենա»- ասաց Աղաջանյանը:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե երբ Հայաստան կհասնեն հավելյալ աղբատար մեքենաները։ Բագրատ Աղաջանյանը պատասխանեց` շուտով։
«Առաջարկում եմ, այդ շուտովն այսօր ինձ զեկուցեք օրերի տեսքով»,– արձագանքեց Ավինյանը։
Հիշեցնենք, որ աղբահանության խնդրի վերաբերյալ ծառայողական քննություն էր նախաձեռնվել։