ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Երևանում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացնողները Արցախում տիրող իրավիճակի և արցախցիների առօրյա խնդիրների մասին նամակով տեղեկություններ փոխանցեցին գրասենյակ։ Այս մասին լրագրողներին հայտարարեց ակցիայի մասնակից Նարեկ Այվազյանը։
Նշենք, որ ակցիան իրականացվում է ի աջակցություն արցախցի Վագիֆ Խաչատրյանի, որին հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները առևանգել էին Լաչինի միջանցքում գտնող ապօրինի տեղադրված անցակետի մոտից։
«Զրուցել ենք արցախցիների հետ ու այս պահին այնտեղ առկա խնդիրների մասին են հայտնել, մենք էլ նամակում գրել ենք այդ մասին։ Նպատակ ունենք, որպեսզի այստեղից Նյու Յորքի իրենց գլխամասային գրասենյակ փոխանցվի այս տեղեկությունը։ Կարևոր է, որպեսզի Նյու Յորքի գրասենյակի և արցախցու միջև կապ հաստատվի, որպեսզի քաղաքացիները սուբյեկտայնություն ստանան։ Չենք լռելու, պետք է գործենք ի նպաստ արցախահայության, Արցախի Հանրապետության»,– ասաց Այվազյանը։
Ակտիվիստներից մեկը` Հասմիկը, նամակը հանձնելուց հետո ասաց, որ իրենք փաստեր ներկայացնելուց բացի հանդիպում են խնդրում ՄԱԿ իրավասու ներկայացուցչի հետ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։