Չալաբյանը կոչ է անում քաղաքացիներին այս շաբաթ էլ ակտիվ լինել և միանալ «ՀայաՔվեին»

«ՀայաՔվեի» հավաստագիր
Հաջորդ փուլում կենտրոնանալու են օրենքի նախագիծն Ազգային ժողովում անցկացնելու վրա, ինչի շրջանակում անհրաժեշտ է լինելու մեծ դիմադրություն հաղթահարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնության ստորագրահավաքն այս շաբաթ ևս կշարունակվի, համակարգող Ավետիք Չալաբյանն էլ կոչ է անում դառնալ նախաձեռնության ակտիվ մասնակից։ Այս մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՀայաՔվեին» դեռ անցած շաբաթ արդեն միացել է 54 հազար 800 քաղաքացի, ինչը նշանակում է, որ ստորագրությունների նվազագույն (50.000 ստորագրություն,– խմբ.) շեմն արդեն հաղթահարված է։
«Մենք այս շաբաթ շարունակում ենք ստորագրահավաքը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ ցանկություն ունեն միանալու «ՀայաՔվեին» այս փուլում, նրանք նախապես տեղեկացված են եղել, որ ստորագրահավաքը շարունակվելու է մինչև օգոստոսի 19-ը։ Կուզեինք բոլոր այդ քաղաքացիներին հնարավորություն տալ միանալ մեր նախաձեռնությանը և դառնալ նրա ակտիվ անդամը։ Մի շարք համայնքներում ստորագրահավաքը սկսել է միայն անցած շաբաթ, ոմանցում՝ տառացիորեն շաբաթվա վերջին 2 օրը, քաղաքացիների ակտիվ հոսքը շարունակվում է»,– գրել է Չալաբյանը։
Նա ընդգծել է, որ Արցախի շուրջ իրավիճակը շարունակում է վատթարանալ, իսկ «ՀայաՔվեն» նաև ուղերձ է մեր թշնամիներին։
Նախաձեռնության համակարգողը շեշտեց` հաջորդ փուլում կենտրոնանալու են օրենքի նախագիծը Ազգային ժողովում անցկացնելու վրա, ինչի շրջանակում անհրաժեշտ է լինելու մեծ դիմադրություն հաղթահարել։ Չալաբյանը ևս մեկ անգամ կարևորել է քաղաքացիների ակտիվ աջակցության անհրաժեշտությունը։
Քաղաքացիների նաև մտահոգություն են հայտնում, որ «ՀայաՔվեի» այն փուլում, երբ անհրաժեշտ կլինի ևս 300.000 քաղաքացու աջակցություն, այն անձանց ձայները, որոնք արդեն իսկ ստորագրել են, չեն հաշվվելու։ Չալաբյանը նշել է` այդ փուլը դեռևս հեռավոր հեռանկար է, ներկայում պետք է գործել այսօրվա իրադարձությունների շրջանակում և անպայման միանալ «ՀայաՔվեին»։