ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են Արցախի Հանրապետության քաղաքացիների մեջ խուճապ տարածել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։
«Հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի», «իրավունքների պաշտպանվածության» վերաբերյալ կեղծ թեզերով ու խոստումներով հոգեբանական ճնշում գործադրել և խուճապ տարածել բնակչության մեջ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ մեկ այլ հրապարակումով ադրբեջանական կողմի օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած արցախցիների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին չարձագանքել նման գրառումներին, չհրապարակել Արցախի քաղաքացիների անձնական տվյալներ, չտրվել կեղծ լուրերի, պահպանել սառնասրտություն և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Կասկածելի բնույթի գրառումների հանդիպելու դեպքում պետք է անհապաղ դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։