Աբովյանցի 32-ամյա կնոջ ոդիսականը. նա անգամ քննիչին է կեղծ էպիկրիզ ներկայացրել

Կինը կեղծ գրություններ է պատրաստել, թե իբր հորից ժառանգություն է ստացել 47 անշարժ գույք, 50 միլիոն դրամ, հետոչունեցած գույքը շուկայականից ցածր գնով «վաճառել» մարդկանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Աբովյան քաղաքի 32-ամյա բնակչուհու բազմադրվագ սխեմատիկ խարդախությունների հետևանքով 21 անձ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախաքննության ժամանակ պարզվել է, որ 32-ամյա կինը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակչի միջոցով կապ է հաստատել նույն քաղաքի մի շարք բնակիչների հետ։ Ներկայացել է իբրև ՀՀ կառավարության և բարեգործական կազմակերպության կողմից «Բնակարանների բաշխման» ծրագրի շահառու, նշել, որ ունի որպես ժառանգություն ստացած, վաճառքի ենթակա բնակարաններ։
Նա կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, որոնք իբր ստացել է Երևանի քաղաքապետարանից, ու 2020-2022թթ․ ընթացքում 18 քաղաքացուց հափշտակել ընդհանուր 29.230.200 դրամ, 46.000 ԱՄՆ դոլար և 90.000 ռուբլի։
2020թ․ հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կինը մի քաղաքացու հայտնել է, թե իբր հայրը մեծ ժառանգություն է թողել իրեն, որը ստանալու համար գումար է անհրաժեշտ: Ավելին` պատրաստել է կեղծ գրություն, ըստ որի` իբր ճանաչվել է միակ ժառանգ և ընդունել է թողնված ողջ ժառանգությունը՝ 47 անշարժ գույք, 5 ավտոմեքենա և 50 000 000 դրամ գումար, որը պետք է ստանա բանկից: Արդյունքում քաղաքացուց մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 44.000.000 դրամ:
Նույն քաղաքացու մոտ ձեռք բերած վստահությունն ամրապնդելու նպատակով նրան կեղծ տեղեկություններ է հայտնել, թե իբր առողջարանի և ՍՊ ընկերության համասեփականատեր է, խոստացել է գումարի դիմաց նրան փոխանցել նշված ընկերություններում իր բաժնեմասերը: Պատրաստել է կեղծ փաստաթղթեր, որոնցով այդ անձը իբր հիշյալ ՍՊԸ-ի 63 տոկոսի և առողջարանի 54 տոկոսի բաժնետերն է:
2020 թվականին նա մի կնոջ առաջարկել է շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերել Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող, իբր հորից ժառանգած, իրենպատկանող երկու բնակարան։ Այդ կնոջ հետ գնացել է իրականում այլ անձանց պատկանող բնակարաններ, ծանոթացրել բնակարանային պայմաններին, ապա առաջարկել մտացածին 7.500.000 դրամով գնել բնակարաններից մեկը։
Ստեփանավանում նպաստի անվան տակ ավելի քան 245 միլիոն դրամ են հափշտակել պետբյուջեից
Շարունակելով կեղծիքների շարքը` նախաքննության ընթացքում իր նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց կիրառելուն հասնելու նպատակով 32-ամյա կինը քննիչին է ներկայացրել իր կողմից պատրաստված, իբր Բ.Ա.Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» անունից բժշկական կեղծ էպիկրիզ, համաձայն որի՝ իբր ունի ուղեկցող մի շարք ծանր հիվանդություններ: Բուժհաստատությանն ուղղված հարցմամբ պարզվել է, որ նման տվյալներով բժիշկներ ՈւԱԿ-ում չեն աշխատել:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 32-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 3-րդ կետի, 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը) 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: