Կարմիր խաչի ներկայացուցիչը Բաքվի հիվանդանոցում այցելել է Վագիֆ Խաչատրյանին. Արցախի ՄԻՊ

Վագիֆ Խաչատրյան
Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված բուժառուի հարազատները դեռ չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակցիներն այցելել են նրան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արդյոք Խաչատրյանը կարողացե՞լ է կապ հաստատել հարազատների հետ, Ստեփանյանը դժվարացավ ասել` նշելով. «Հավանական է, որ ոչ, այլապես կիմանայի այդ մասին»։
Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։