Երևանը դիմել է Եվրադատարան Վագիֆ Խաչատրյանի իրավունքները պաշտպանելու համար

ՄԻԵԴ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հերթին անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները Լաչինի միջանցքով թույլ չեն տվել անցնել Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին, ում ԿԽՄԿ մեքենայով դստեր ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստանի բուժհաստատություններից մեկը: Մի քանի ժամ նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չի եղել, քանի որ նրան տարել են անհայտ ուղղությամբ։
Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել Է Խաչատրյանին ձերբակալելու մասին ՝ մեղադրելով 1991 թվականին իբր կատարված ռազմական հանցագործությունների մեջ:
ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանցի սահմանապահների գործողությունները որակել է որպես առևանգում, Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կատարվածը որակել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, քանի որ Վագիֆ Խաչատրյանը գտնվում էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության ներքո: Բացի այդ, նա միջազգային հետախուզման մեջ չի եղել, և Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը (այն մասին, որ 2013թ.դեկտեմբերին ադրբեջանական դատարանը որոշում է կայացրել Խաչատրյանին կալանավորելու մասին և նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել - խմբ.) չի համապատասխանում իրականությանը, նշել է պաշտպանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հերթին անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը։