Սան Ֆրանցիսկոյում` Twitter-ի կենտրոնական գրասենյակի տանիքին, հսկայական X տառ է հայտնվել սոցցանցի ռեբրենդինգի շրջանակում:
Լուսարձակող տարբերանշանի տեսանյութը հրապարակելէ ընկերության սեփականատեր Իլոն Մասկը։
Քաղաքապետարանը տարբերանշանի տեղադրման հետ կապված քննություն է սկսել, քանի որ նման քայլերը թույլտվություն են պահանջում։
Ըստ ԶԼՄ-ների` քաղաքային իշխանությունը պետք է համոզվի, որ դա համապատասխանում է շենքի պատմական տեսքին։
Հիշեցնենք` հուլիսի 24-ին հայտնի դարձավ, որ Մասկը որոշել է Twitter-ի անվանումը փոխարինել X-ով։ Սև ու սպիտակ X տառը դարձավ ընկերության նոր տարբերանշանը։ Ձեռնարկատերը նաև ասել է, որ սոցցանցում գրառումները կոչվելու են ոչ թե թվիթ, այլ իքս։
Մասկը Twitter-ը 44 միլիարդ դոլարով գնեց 2022 թվականի հոկտեմբերին։ Գործարքից հետո նա աշխատանքից հեռացրեց աշխատակիցների կեսին և փոխեց ընկերության ղեկավարությանը։ Գործարարը հայտարարեց, որ Twitter-ի բովանդակային գործառույթը ևս կարող է փոփոխվել և օգտատերերը կկարողանան աուդիո և տեսազանգեր կատարել։