ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ մինչև այս տարվա վերջ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերվեին: Ռուսաստան–Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ են ընթանում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրատեսական է մինչև տարեվերջ համաձայնության գալ, Օվերչուկն ասել է. «Շատ լավ կլինի, եթե այդպես լինի։ Մենք էլ ենք ուզում։ Տեսնենք՝ ինչ կստացվի»։
Նա նաև հայտնել է, որ օգոստոս-սեպտեմբերին տեղի կունենա ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը:
«Եթե ավելի կոնկրետ խոսենք այսօրվա մասին, բանակցություններ ենք վարում Եգիպտոսի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման շուրջ։ Արդեն բանակցությունների հինգ փուլ է եղել։ Դեռ վաղ է գուշակել, թե երբ կավարտվեն բանակցությունները։ Դրանք ընթանում են, և երկու կողմերն էլ շահագրգռված են նման գոտի ստեղծելու հարցում», - ավելացրել է փոխվարչապետը։
Մինչ այս հաղորդվել էր մինչև տարեվերջ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման մասին:
Օվերչուկը խոսել է նաև Եվրասիական տնտեսական միության և Աֆրիկյան մայրցամաքի երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների միջև ուղիղ կապերի հաստատման հեռանկարների մասին։
«Եթե օբյեկտիվ լինենք, ապա այսօրվա դրությամբ Աֆրիկայի երկրների կողմից ԵԱՏՄ-ի կամ ԵԱՏՄ-ի կողմից Աֆրիկայի երկրների մասին գիտելիքները բավականին սահմանափակ են, բայց նման գագաթաժողովների նպատակն է այնպես անել, որ շփումներ ստեղծվեն, մարդիկ կարողանան փոխանակել իրենց կարծիքները, տեսլականները, ծրագրերը․.. Մենք, կարծում եմ, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ կկազմակերպենք ԵԱՏՄ գործարարների լուրջ առաքելություն Աֆրիկայում», - ավելացրել է նա։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ է տրվել Մոլդովային, Կուբային և Ուզբեկստանին։