ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը (ավազանի անունը՝ Սամվել), որը մեղադրվում է փողերի լվացման մեջ, կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` նշելով միայն նրա անվան և ազգանունի սկզբնատառերը` Ս.Կ։
Ըստ հաղորդագրության` ՀՀ քաղաքացի Ս.Կ.-ն 2010 թվականի հուլիսի 15-ին ձեռք է բերել Կիպրոսում հիմնադրված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպության բաժնետոմսերը և նշված ընկերության կառավարումը հանձնել իր սանիկին` «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր տնօրեն Ա.Ս.-ին (գործարար Աշոտ Սուքիասյան. խմբ)։ Քրեական վարույթով պարզվել է, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի և բանկերից մեկի միջև կնքված պայմանագրով՝ Ա.Ս.-ն բանկից ստացել է 3 մլրդ 664 մլն 175 հազար դրամ (9 մլն ԱՄՆ դոլար) և 361 մլն 500 հազար դրամի վարկ։ Նա Կիպրոսի «HELLENIC BANK PUBLIK COMPANY LTD» բանկի և այնտեղ բացված ընկերության միջոցով «լվացել է» այդ գումարները։
Մասնավորապես՝ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի անվամբ բացված դոլարային հաշվից՝ Կիպրոսի Հանրապետության «HELLENIC BANK PUBLIK COMPANY LTD» բանկում բացված, իրեն և Ս.Կ.-ին պատկանող «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությանը փոխանցել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 131 մլն 950 հազար դրամին համարժեք 350 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ, որին միախառնել է նույն բանկում իրեն պատկանող 2 այլ ընկերության հաշվեհամարներից փոխանցված, հանցավոր նույն եղանակով ստացված գումարները: Փոխարենը տվյալ ընկերության կողմից «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի դոլարային հաշիվներին փոխանցվել է 1 մլն 707 հազար 32,3 ԱՄՆ դոլար:
Վճռաբեկ դատարանի որոշմամբ Ա.Ս.–ն 2021 թվականին դատապարտվել է (հեռակա. խմբ.) 10 տարվա ազատազրկման` գույքի բռնագրավմամբ։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Նախաքննության ընթացքում՝ 2020 թվականի ապրիլի 13-ին, Ս.Կ.-ին (Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան) մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, փողերի լվացման հոդվածներով: Որպես խափանման միջոց՝ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Առաջադրված մեղադրանքում Ս.Կ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: 2021 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել Ս.Կ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրա նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու մասին՝ նրա արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Վերադաս դատախազը 2023 թվականի հուլիսի 11-ին քննիչի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 17-ին կայացված որոշումը վերացրել է՝ վաղաժամ և անհիմն լինելու պատճառաբանությամբ: