ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անհանգստացած է Ադրբեջանի կողմից 68-ամյա տղամարդու առևանգման առնչությամբ։ Twitter-ում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին և անցակետից տեղափոխվել այլ վայր։
«Անհանգստացած ենք լուրերից, որ 68-ամյա բուժառուն, որը Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժօգնության էր տեղափոխվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում։ Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,- շեշտել է ԱԳՆ խոսնակը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նա, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։