ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Օլիվիե Դըկոտինյի
Օլիվիե Դըկոտինյին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին և դեսպանատան այլ աշխատակիցներ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Օլիվիե Դըկոտինյի
Հյուրերին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:
Դըկոտինյին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Մարությանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Այցի ավարտին հյուրերը շրջել են նաև Հիշողության պուրակում:
Հիշեցնենք, որ հուլիսի 9–ին Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը հայտնել էր, որ Ֆրանսիայի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական, Էրբիլում Ֆրանսիայի նախկին գլխավոր հյուպատոս Օլիվյե Դեկոտինյին նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Նոր պաշտոնը նա ստանձնել է հուլիսի 21–ից։ Ֆրանսիայի նախագահի կողմից հրամանը ստորագրվել է հուլիսի 6-ին։