Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կալանավորվել է` խոշոր չափերով շորթում կատարելու և դատավորին արատավորող տեղեկությունների հրապարակմանն օժանդակելու մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է, որ Առաքելյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի հետ, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը բավարարած դատավորի նկարը 2023թ․ ապրիլին համացանցից ներբեռնել է, մոնտաժել, անպարկեշտ գրառումներ կատարել:
«Լուսանկարը նա ուղարկել է Վարդան Ղուկասյանին, որը ուղիղ հեռարձակմամբ, «youtube.com»–ի միջոցով հրապարակել է դատավորին արատավորող տեղեկությունները։ Այսինքն, Առաքելյանն օժանդակել է Վարդան Ղուկասյանի կողմից հանցանքի կատարմանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Վարդան Ղուկասյանի կողմից սոցիալական ցանցերում ունեցած տեսաելույթների, հրապարակած տեղեկատվության արհեստական դիտումների քանակ և մասշտաբայնություն ապահովելու նպատակով Տիգրան Առաքելյանն օգտագործել է ավտոմատացված ծրագրեր, ստեղծել ու վարել է ֆեյք օգտահաշիվներ։
Տիգրան Առաքելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և 2023թ․ հունիսի 20-ին նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով և 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափերով շորթում կատարելը և դատավորին արատավորող տեղեկությունների հրապարակմանն օժանդակելը):
Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանքը։