ՀՀ ՄԻՊ–ն առաջարկներ է ներկայացրել ԲԴԽ նիստում լրագրողների նկատմամբ խոչընդոտների վերաբերյալ

Անահիտ Մանասյանը բոլոր կողմերին կոչ է անում խստորեն պահպանել էթիկայի և վարքագծի կանոնները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Միայն դատական իշխանություն–լրագրող փոխգործակցության արդյունքում է հնարավոր երաշխավորել դատական իշխանության գործունեության թափանցիկությունն ու լրագրողական գործունեության անխոչընդոտ իրականացումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս մասին շեշտել էի իր առաջարկներում, որոնք ներկայացրել է 2023 թվականի հուլիսի 3-ի ԲԴԽ նիստում լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 3–ի ԲԴԽ նիստում նախապես հայտարարվել էր, որ դռնբաց է լինելու, բայց լրագրողները չեն կարողացել ներս մտնել և կատարել իրենց մասնագիտական պարտականությունները։ Դատական դեպարտամենտի կարգադրիչները խոչընդոտել են նրանց մուտքը ԲԴԽ նիստերի դահլիճ։
«Նկատի ունենալով մամուլի ազատության և լրագրողական գործունեության կարևորությունը ժողովրդավարական հասարակությունում' դատական նիստերի դահլիճում կարելի է նախատեսել լրագրողների համար առանձնացված հատուկ տեղեր` նրանց աշխատանքային անհրաժեշտ պայմանները ապահովելու նպատակով»,– նշված է ՄԻՊ–ի առաջարկությունների մեջ։
Ըստ ՄԻՊ–իգրասենյակի` բացառիկ դեպքերի համար կարելի է հատուկ հարմարեցված տարածք նախատեսել նիստը հեռավար կարգով դիտարկելու նպատակով:
Բացի այդ, անհրաժեշտ է պահպանել ԶԼՄ–երի ներկա լինելու մասին հաղորդագրության հրապարակման, նիստին ներկա գտնվելու նպատակով ԶԼՄ–երի գրանցման ընթացակարգերը։
«Անհրաժեշտ է մշակել և իրացնել դատական նիստին մասնակցելու նպատակով գրանցված ԶԼՄ–ների և նիստի այլ մասնակիցների միջև դատական նիստին մասնակցության առումով խտրական վերաբերմունքը բացառելուն ուղղված կառուցակարգեր»,– նշված է Անահիտ Մանասյանի առաջարկների մեջ։
ԲԴԽ–ում լրագրողներին խոչընդոտելը ՀԺՄ–ն դատապարտել է, ՄԻՊ–ը սկսել է ուսումնասիրել
Օմբուդսմանը հիշեցնում է, որ լրագրողական գործունեության ցանկացած սահմանափակում պետք լինի իրավաչափ, իսկ նման սահմանափակման ցանկացած հնարավորություն պետք է լինի կանխատեսելի և որոշակի:
Վերջում Անահիտ Մանասյանը բոլոր կողմերին կոչ է անում խստորեն պահպանել իրենց վերաբերելի էթիկայի և վարքագծի կանոնները: