ԵԱՏՄ–ն Աֆրիկային կօգնի նոր տեխնիկական կանոնակարգեր և չափորոշիչներ մշակել. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը. Արխիվային լուսանկար
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ երբ երկրների ապրանքները ստանդարտացված են, այդ երկրներին ավելի հեշտ է միմյանց շուկաներում առաջ մղել արտադրանքը և հարմարեցնել դրանք այլ տարածքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ԵԱՏՄ–ն ժամանակակից տեխնիկական կանոնակարգերի և չափորոշիչների մշակման ոլորտում նախատեսում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան երկրների հետ։
«Աֆրիկացիները շատ հետաքրքրված են ժամանակակից տեխնիկական կանոնակարգեր և չափորոշիչներ ունենալու հարցում։ ԵԱՏՄ–ում մենք լավ փորձ ունենք, և ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ մենք նրանց հետ առաջիկայում կաշխատենք», – «Ռուսաստան–Աֆրիկա» գագաթնաժողովի շրջանակում «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Օվերչուկը` նշելով, որ նման քայլերը կօգնեն կարգավորել ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ–ի և Աֆրիկայի միջև։
Ըստ նրա` երբ երկրների ապրանքները ստանդարտացված են, այդ երկրներին ավելի հեշտ է միմյանց շուկաներում առաջ մղել արտադրանքը և հարմարեցնել դրանք այլ տարածքներում։
«Դա է ինտեգրացիոն մեխանիզմը, քանի որ հենց դա է կապում ԵԱՏՄ–ի, Աֆրիկայի տնտեսությունները », – նշել է Օվերչուկը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական ասոցիացիա է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Այժմ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
«Ռուսաստան–Աֆրիկա» երկրորդ գագաթնաժողովն ու տնտեսական ու հումանիտար համաժողովը անցկացվում է Սանկտ Պետերբուրգում հուլիսի 27-28-ը։