Մահացել է 4 տարի կոմայի մեջ գտնվող, դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը . Արխիվային լուսանկար
ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. 2019 թվականից կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ ՊՆ–ից։
Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել։
ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Դատախազությունը հայտնել էր, որ մարզպետի օգնականը կալանավորվել է։
ԶԼՄ–ներում լուրեր են շրջանառվում, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նույնպես ներգրավված է եղել Մխիթարյանին ծեծելու գործում, սակայն մարզպետը վստահեցնում էր, որ ինքն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի։ Սարգսյանը 2019թ-ի սեպտեմբերի 24-ին հայտնեց, որ վայր է դնում Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները։
Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատներն արդար քննություն են պահանջում