ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ–ում մահացած զինծառայող Մուրադ Գրիգորյանը հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Զինծառայողի մահվան մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր երեկ` հուլիսի 26-ին։
«Հուլիսի 26-ին` ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակին հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած է եղել նրան ամրակցված գնդացիրը»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում:
Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ, կատարվում է նախաքննություն։
Ձեռնարկվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատաձգաբանական, դատահետքաբանական դատագենետիկական համալիր փորձաքննություններ։
Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու և կատարվածին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
Քրեական վարույթի շրջանակում քննության առարկա են դարձել զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու հնարավոր բոլոր վարկածները։