ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik.Ֆրանսիայի ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի` Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը և կոչ արել Բաքվին կատարել Հաագայի դատարանի վճիռը։ Այս մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Ֆրանսիան ցավում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման համար, ինչը հակասում է հրադադարի մասին համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված պարտադիր համարվող միջանկյալ միջոցները։
«Կոչ ենք անում վերականգնել Լաչինի միջանցքով բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով և ապահովել բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը: Եվրամիության հետ Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության խթանմանը, ինչպես նշված է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի՝ ապրիլի վերջին Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ժամանակ արված ուղերձում»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ հետագա էսկալացիա։
2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։