ՌԱԴԻՈ

Առաջին պլանում «նախկիններն» են. գույքի բռնագանձման օրենքը ՀՀ–ում իր տրամաբանությունն ունի

Փաստաբան Արթուր Հովհաննիսյանը համոզված է, որ ՀՀ–ում հարուցված բազմաթիվ գործեր միջազգային դատարան հասնելուն պես պետությանը խոցելի վիճակում են դնելու, և նման նախադեպեր այլ երկրների դեպքում արդեն կան։
Sputnik
Ի տարբերություն քաղաքակիրթ երկրների` Հայաստանում ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը` իրավական կարգավորումները, կիրառվում են ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարելու համար, այլ ընդհանրապես բոլոր այն գույքային ունեցվածքի դեպքերում, որի օրինականությունը սեփականատերը չի կարողանում ապացուցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր - փաստաբան Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով նախկին պաշտոնյաների նկատմամբ այս հիմքով վերջերս մեծ թափով հարուցվող քրեական գործերին։
«Կոռուպցիայի դեմ պայքարը սրա մասին էր, և ոչ թե առհասարակ գնանք, բոլորի դուռը թակենք, ասենք` եկեք, ապացուցեք, որ ձեր գույքը օրինական է։ Պետք է գոնե լինի հիմնավոր կասկած ինչ–որ մի հանցավոր գործունեության մասին, որ նոր միայն ստուգեն անձի գույքը։ Եվ երբ անձը չապացուցի, որ գույքն օրինական է, նոր միայն վերցնեն այն` կապելով հանցավոր գործունեություն իրականացնելու հետ։ Իսկ մեր օրենքը դա չի պարտադրում, մեր օրենքն ասում է` ինչ–որ մի բան եթե եղել է, դա բավական է, որ դու, 1991թ–ից սկսած, ամբողջ կյանքի ընթացքում ձեռք բերած գույքի մասով գաս, ինչ–որ բաներ ապացուցես»,– ասում է Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ 90–ականներին ու նաև դրանից հետո տարիներ շարունակ օրենքը չի պարտադրել քաղաքացուն վճարային, հարկային թղթաբանություն վարել կամ ինչ–որ փաստաթղթեր պահել այն մտայնությամբ, որ դրանք մի օր կարող են պետք լինել գույքի օրինական լինելն ապացուցելու համար։ Մինչդեռ, ըստ միջազգային տրամաբանության, անձը պետք է զրկվի ոչ թե ցանկացած այնպիսի գույքից, որի օրինականությունը չի կարողանում հիմնավորել, այլ այն գույքից, որը հնարավոր է` ձեռք է բերվել ինչ–որ հանցավոր գործունեության արդյունքում։
«Սրա իմաստն այն էր, որ երկրները կարողանան ակտիվ պայքարել կոռուպցիայի դեմ, և որպեսզի կոռուպցիա անողներն իմանան, որ չեն կարող կոռուպցիոն հանցագործություններով գույք ձեռք բերել և այդ հարստությունն իրենց մնա, որովհետև, եթե ոչ քրեական, ապա քաղաքացիական իրավունքով պետությունն իրենց հետևից գալու է»,– պարզաբանեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Հայաստանում ապօրինի գույքի բռնագանձման հիմքով վերջին շրջանում զանգվածաբար հարուցված քրեական գործերին, փաստաբանի խոսքով, եթե անգամ ներպետական ատյաններում դրանք ավարտվեն հօգուտ պետության, ապա միջազգային դատարան հասնելու դեպքում պետությունը բավական խոցելի իրավիճակում կհայտնվի։ Նման նախադեպեր այլ երկրների դեպքում արդեն կան։
«Օրինակ` վերջերս «Թոդորովն ընդդեմ Բուլղարիայի» գործով դատարանը հենց այդ դիրքորոշումն էր հայտնել, որ մի կողմից անձի սեփականության իրավունքի պաշտպանությունը, մյուս կողմից հանրային շահը համաչափ լինեն, պետք է ինչ–որ ձևով ցույց տրվի, որ անձի գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով։ Բացի այդ, հանրային շահից չի բխում անձի ցանկացած գույքի բռնագանձումը միայն այն պատճառով, որ անձը չի կարողանում դրա օրինականությունն ապացուցել։ Հանրային շահից բխում է կոռուպցիայի դեմ պայքարը, ինչը նշանակում է, որ պետք է լինի պատճառահետևանքային կապ կոռուպցիոն հանցագործության ու այդ գույքի ձեռքբերման միջև»,– ասաց Հովհաննիսյանը։
Իրավաբանը նաև նկատում է, որ Հայաստանում հարուցված գործերով իշխանությունն իրականում ոչ թե գույքի, այլ դրանց տերերի հետևից է գնում։
«Առաջին պլանում հայտնվել են այնպիսի օդիոզ դեմքեր, որոնք «նախկիններից» են, ունեն գույք։ Իշխանությունն էլ ցուցադրաբար ներկայացնում է, թե գնում է այդ գույքի հետևից, որովհետև, ըստ իրենց, դա թալանած գույք է` անկախ այն հանգամանքից, այդ անձը մինչև պաշտոն ունենալը հարուստ եղել է, թե ոչ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել է, թե ոչ»,– ասաց Հովհաննիսյանը։
Բայց քանի որ օրենքը, մեր զրուցակցի մեկնաբանությամբ, այնպես է գրված, որ իշխանությունը քրեական գործ կարող է հարուցել ոչ միայն ներկա կամ նախկին պաշտոնյաների, այլև ցանկացած այլ քաղաքացու նկատմամբ, ապա օրենքի կիրառման երկրորդ փուլում այն կիրառելու են ցանկացած մեկի նկատմամբ, ով 90-ականներին բիզնեսով է զբաղվել, գույք է ձեռք բերել, և կյանքի ընթացքում կուտակած կապիտալը կարող են դիտարկել որպես հանցավոր ճանապարհով ստացված։
Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի բոլոր անդամներին օգոստոսի 1–ին հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Քոչարյաններին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:
Օրեր առաջ էլ Հակակոռուպցիոն դատարանը մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հարազատների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։ Պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը հիմնված էր այն հանգամանքի վրա, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը Սահմանադրական դատարանում է, քննվում է դրա համապատասխանությունը մայր օրենքին։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավորը միջնորդությունն անհիմն որակեց, քանի որ Սահմանադրությանը նշված օրենքի անհամապատասխանության վերաբերյալ որոշում այս պահին չի կայացվել։