Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս, որ կեղտոտ խաղ էր խաղում. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Ադրբեջանն ամիսներ շարունակ խաբում էր միջազգային հանրությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը Լեռնային Ղարաբաղ չթողնելով ու իր հայտարարություններով ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում այս ամիսներին: Այս հայտարարությունն արել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ադրբեջանն ամիսներ շարունակ խաբում էր միջազգային հանրությանը` հավատացնելով, թե դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ ու Լեռնային Ղարաբաղից մարդկանց և ապրանքների մարդասիրական տեղաշարժի համար Լաչինի միջանցքը բաց է: Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը միջանցքի մուտքի մոտ կանգնեցնելով և արհամարհական հայտարարություն անելով, թե «խաղն ավարտված է»՝ Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում և ստում էր այս բոլոր ամիսներին»,- գրել է Սիմոնյանը Twitter-ում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։