400 տոննա մարդասիրական բեռով 19 բեռնատար Երևանից կմեկնի շրջափակված Արցախ

Բեռնատարները բացվեցին ՀՀ–ում հավատարմագրված դեսպանների ներկայությամբ և նախատեսվում է Կոռնիձորից ԼՂ հասցնել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Մարդասիրական 400 տոննա բեռով 19 բեռնատար Երևանի Շահումյանի հրապարակում են շրջափակված Արցախ մեկնելու համար։
Արցախ ուղարկվող հումանիտար բեռը
Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ բեռնատարները բացվել են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ։ Այստեղ է նաև ՌԴ դեսպանի խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։
Բեռնատարների մեջ առաջին անհրաժեշտության ապրանքներ են` ալյուր, կաթի փոշի և այլն։
Քիչ անց բեռնատարները կմեկնեն Սյունիք` Կոռնիձոր, այնտեղից էլ ԼՂ կհասցնեն ռուս խաղաղապահները։
Նշվում է, որ 400 տոննա մարդասիրական օգնությունը շրջափակված Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում պետական ծրագրի շրջանակներում։
Հավելենք, որ Արցախն արդեն ավելի քան 225 օր շրջափակման մեջ է, որից ավելի քան 40 օրը` ամբողջական պաշարման։
Դիվանագետները հումանիտար բեռի մոտ
Հիշեցնենք, որ 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։