ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանը չի կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որի հետ առերեսվում են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Тwitter-յան էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։
«ԼՂ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող բեռը բացառապես մարդասիրական նպատակներով է»,– նշել է Փաշինյանը։
Նշենք, որ բեռնատարներն այս պահին արդեն անցել են սահմանամերձ Կոռնիձոր գյուղը։ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար նրանք սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։ Ինչպես հայտարարել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը, ՌԴ խաղաղապահների հետ մշտական կապ է պահպանվում: Նա հայտնել է, որ այս գործընթացը պահանջում է ավելի համբերատար լինել։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 11–ին Ադրբեջանը հայտարարեց նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաներն իբր մաքսանենգության փորձ են արել։
Դրանից հետո ԿԽՄԿ–ն 3 անգամ է հիվանդներ տեղափոխել։