ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է այն տեղեկությունը, թե իբր Ռուսաստանը հացահատիկի գործարքի վերաբերյալ հրաժարվել է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
«Հացահատիկային գործարքի հարցով («Սևծովյան նախաձեռնություն») Ռուսաստանը անպայման ելույթ կունենա։ Իսկ ահա Արևմուտքի կողմից միտումնավոր շինծու «Ռուսաստանի կողմից Օդեսայի մշակութային ժառանգության հուշարձանների ոչնչացման» թեմայով ելույթից ռուս ներկայացուցիչն իսկապես հրաժարվել է, այդ թվում՝ մեր հայտարարած զեկուցողի մասնակցությունը թույլ չտալու պատճառով», - գրել է նա իր Telegram ալիքում։
Ռուսաստանի ներկայացուցիչը հատուկ հայտարարություն կանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախաձեռնությամբ հրավիրված նիստում, որը նվիրված է Ուկրաինայում ուղղափառ եկեղեցուն ուղղված հալածանքներին:
«Ուշադի՛ր եղեք։ Ֆեյքերի մի՛ հավատացեք», - գրել է Զախարովան։
Հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել է հուլիսի 18-ից։ Հուլիսի 17–ին ՌԴ-ն Թուրքիային, Ուկրաինային ու ՄԱԿ-ին ծանուցել է դրա երկարաձգման դեմ առարկության մասին:
Նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ չնայած ՄԱԿ-ի ջանքերին` Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները: