Բաքուն լրջորեն մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի ռազմական համագործակցության խորացմամբ

Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է անում չխոչընդոտել «կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Բաքուն լուրջ մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացմամբ: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է Ադրբեջանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հնդկական զենք հայկական բանակի համար․փորձագետը գնահատել է հեռանկարներն ու շանսերը
Հաջիևը խոսել է մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն «Իրանի տարածքով հնդկական արտադրության զենք է ուղարկվում Հայաստան»:
«Հաջիևն ասել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացումը և այս համատեքստում վերջին օրերին մամուլում Իրանի տարածքով հնդկական արտադրության սպառազինության համակարգերի Հայաստան տեղափոխման լուսանկարների և տեսանյութերի տարածումը լուրջ անհանգստություն է առաջացրել ադրբեջանական կողմի համար»,- նշված է գործակալության հրապարակման մեջ։
Հաջիևն ընդգծել է, որ զենքի մատակարարումն այն ժամանակաշրջանում, երբ խաղաղության հարցով հայ-ադրբեջանական բանակցություններ են տեղի ունենում, «նպաստում է Հայաստանի ռազմականացմանը և սրում է իրավիճակը»:
Նա շեշտել է, որ դա խոչընդոտում է «կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:
Խոսքը միայն զենքի մասին չէ. Հնդկաստանի նախկին դեսպանը` ՀՀ-ի հետ համագործակցության մասին
Հաջիևը Հնդկաստանի դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիին հայտնել Բաքվի մտահոգություններն այդ հարցի վերաբերյալ և ևս մեկ անգամ վերլուծել Հայաստանին «մահաբեր զենք մատակարարելու նպատակահարմարությունը»։
Դեսպանն իր հերթին խոստացել է ադրբեջանական կողմի բարձրացրած հարցը ներկայացնել Հնդկաստանի ղեկավարությանը։
Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է սեփական բանակի համար զենքի զանգվածային գնման մասին՝ սպառնալով Հայաստանին նոր ռազմական գործողություններով։