ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, Դելավեր նահանգի շրջանային դատարանում հայտարարել է, որ պատրաստ է ընդունել իր մեղքը հարկային իրավախախտումների գործով: Տեղեկությունը հայտնում է CNN հեռուստաալիքը։
Բայդեն կրտսերը դրական է պատասխանել, երբ դատավորը հարցրել է, թե արդյոք նա մտադիր է իրեն մեղավոր ճանաչել այն խախտումների համար, որոնցում մեղադրվում է: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մեղքն ընդունելու մասին համաձայնագրի շրջանակում ԱՄՆ արդարադատության նախարարությունը խորհուրդ է տալու ԱՄՆ նախագահի որդուն փորձաշրջան նշանակել:
Անցյալ ամիս դատախազ Դեյվիդ Վայսը հայտարարել էր, որ Հանթեր Բայդենը համաձայնել է իրեն մեղավոր ճանաչել երկու հարկային իրավախախտումների համար՝ առաջադրված մեղադրանքների երեք կետերը կարգավորելու գործարքի շրջանակներում: Մեկ այլ կետ վերաբերում է Բայդենի կողմից թմրամիջոցների ենթադրյալ օգտագործմանը և «Colt» ատրճանակ ունենալուն, ինչը նույնպես արգելված է օրենքով: