Թուրքիայի ԱՆ-ն հայտնել է Ադանայի երկրաշարժի հետևանքով 8 տուժածի մասին

5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քոզան քաղաքից 20 կմ դեպի հյուսիս: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Sputnik
Առնվազն ութ մարդ է տուժել այսօր Ադանա նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:
5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել այսօր առավոտյան Ադանա նահանգի Քոզան քաղաքից 20 կմ դեպի հյուսիս: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
«Քոզանի երկրաշարժից հետո երկու մարդ Ադանայում և վեց մարդ Օսմանիեում տուժել են բարձրությունից ընկնելու և ընկած իրերի պատճառով: Տուժածները հոսպիտալացվել են»,-գրել է նախարարը Twitter-ում։
Ավելի վաղ AFAD-ի ռիսկերի նվազեցման բաժնի ղեկավար Օրհան Թաթարը հայտարարել էր, որ Ադանայի ստորգետնյա ցնցումները կարելի է փետրվարի 6-ի երկրաշարժերի հետցնցում համարել:
7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին՝ 9 ժամ ընդմիջումով, Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում: Թուրքիայի իշխանությունները երկրաշարժերը դարի աղետ էին անվանել։ Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 50,5 հազարի: