ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ չի քննարկել Աղդամով Լեռնային Ղարաբաղին հումանիտար միջանցք տրամադրելու հարցը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես նման հարց չեմ քննարկել, որովհետեւ նման հարց քննարկելու որևէ մանդատ ու անհրաժեշտություն չունեմ»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ կարևոր է համարում Ադրբեջանի առաջարկը` Լեռնային Ղարաբաղին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ օրը եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել է միայն Լաչինի միջանցքի ապօրինի փակման և դրա բացման հետ կապված հարցերը։
«Այդ հարցը քննարկելու մանդատ ես ունեմ, որովհետեև Լաչինի միջանցքը ստեղծվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի ստորագրողներից մեկն էլ ես եմ»,– ասաց նա։
Վարչապետը սակայն հավելեց, որ Շառլ Միշելի հայտարարությունն իր համար անակնկալ չէր, բայց կրկին վստահեցրեց, որ ինքն այդ հարցի քննարկմանը չի մասնակցել։