Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. ՌԴ խաղաղապահները Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երեսուն դիտակետերում ՌԴ խաղաղապահները իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:
Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: