Խաչատուրյանը Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը ներկայացրել է Իտալիայի նախագահին

Վահագն Խաչատուրյան
Իտալիայի նախագահն ասել է, որ պատրաստ է նպաստել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի և հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Անկախ դժվարություններից` Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իր դիրքորոշման մեջ»,– ասել է ՀՀ նախագահը։
Իտալիայի նախագահն ի պատասխան նշել է, որ բարձր է գնահատում հանուն խաղաղության հաստատման Հայաստանի համարձակ քայլերը և հնարավորության սահմաններում պատրաստ է նպաստել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:
Նախագահների հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Իտալիայի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա համագործակցության ընդլայնման և նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
«Անդրադարձ է կատարվել մասնավորապես առևտրատնտեսական, շինարարության, բարձր տեխնոլոգիական ոլորտներում արդյունավետ փոխգործակցության խթանման հեռանկարներին»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Իտալիայի միջև կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում համագործակցության շարունակական խթանման հնարավորությունների վերաբերյալ:
Երկուստեք կարևորվել է Հայաստան-Իտալիա ուղիղ չվերթերի առկայությունը, ինչը լավ հնարավորություն է տուրիզմի զարգացման համար:
Նշենք, որ ՀՀ նախագահը աշխատանքային այցով Իտալիա է մեկնել հուլիսի 24-ին։ Նա այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն ու Սուրբ Ղազար կղզի։
Նա Իտալիայում մասնակցել է նաև Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի գագաթնաժողովին։
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հանդիպել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։