«ՀՀ նախկին ոչ լեգիտիմ նախագահը դանոս ա գրել». Փաշինյանը` Սերժ Սարգսյանի նամակի մասին

ՀՀ վարչապետն ամոթալի որակեց ՀՀ 3–րդ նախագահի նամակը, որը, նրա կարծիքով, արժեզրկում է նաև երկիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի` ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի նախագահներին ուղղված նամակին նորմալ է վերաբերվում, սակայն իր համար նորմալ չէ, երբ նամակի հենց առաջին պարբերությունն այն մասին է, թե ինչքան վատն են ՀՀ իշխանությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը։
Ուզում եք ասել, որ հուլիս ամսին Ղարաբաղում լոլիկ չկա՞. Փաշինյան
Նա հայտարարեց` երբ ընդդիմություն են եղել, ՀՀ ներքին հարցերի մասին դրսի հետ հաղորդակցվելիս իրենք իրենց թույլ չեն տվել նման բաներ գրել։
«Այն մարդկանց, ում հետ ես հարաբերվում, աշխատում եմ, կողքից նամակ են գրում, թե բա` ինքը (Փաշինյանը,–խմբ.) վատն ա։ Ամոթ է ուղղակի։ Ես ինձ համար չեմ ասում, ես պատկերացնում եմ այդ մարդկանց ռեակցիան։ Սերժ Սարգսյանը և՛իրեն արժեզրկեց, և՛ երկիրն արժեզրկեց, և՛ նաև ոչ մեկը չի հիշելու այդ նամակի հայտարարված նպատակի մասին։ Բոլորի առաջին ռեակցիան լինելու է այն, որ ՀՀ նախկին ոչ լեգիտիմ նախագահը դանոս ա գրել օտար երկրների նախագահներին գործող ղեկավարի մասին»,– մանրամասնեց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նամակով խնդրել է կանգնեցնել հումանիտար աղետը Արցախում։