ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայաստանն ունի հստակ դիրքորոշում` տարածաշրջանում խաղաղության հասնելու և հարևանների հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելու հարցերում: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին և վերջիններս լուծման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին»,– ասված է հաղորդագրությունում։
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
© Photo : official site of the President of RA
ՀՀ նախագահը անդրադարձել է նաև վերջին տարիներին երկրի ներքին կյանքի տարբեր ոլորտներում՝ մասնավորապես տնտեսական կյանքում իրականացվող բարեփոխումներին:
Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ ներկայիս կառավարությունը առաջնորդվում է հայաստանյան տնտեսական միջավայրը ներդրումների համար առավել ճկուն ու գրավիչ դարձնելու սկզբունքներով և այս նպատակի համար անհրաժեշտ քայլեր է իրականացնում:
Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը երախտագիտության մեդալով է պարգևատրել իտալացի լրագրողներ Լետիցիա Լեոնարդիին և Թալալ Խրայսին՝ Հայաստանին և հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար:
ՀՀ նախագահը երախտագիտության մեդալով է պարգևատրել իտալացի լրագրողներ Լետիցիա Լեոնարդիին և Թալալ Խրայսին
© Photo : official site of the President of RA
Նշենք, որ ՀՀ նախագահը աշխատանքային այցով Իտալիա է մեկնել հուլիսի 24-ին։ Նա այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն ու Սուրբ Ղազար կղզի։
Նա Իտալիայում մասնակցել է նաև Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի գագաթնաժողովին։
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ և քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։